Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԳԱԼԻՊՈԼԻ.ՀԱԿԱՔԱՅԼ` ԵՐԿՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Անկարան Գալիպոլիի հակաքայլով պարզ դարձրեց Հայոց ցեղասպանության 100-րդ  տարելիցի  նշումների չեզոքացմանը միտող իր քաղաքականությունը։ Գալիպոլիի 100-ամյակի նշման պաշտոնական հայտարարությունից հետո էր միայն, որ պաշտոնական Անկարան հստակեցրեց՝ չպիտի ընդունի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի երեւանյան նշմանը ներկա լինելու ՀՀ նախագահի հրավերը։  
Մինչ այդ Թուրքիայի նախագահի լռությունը փաստորեն հրավերին չընդառաջելու հիմնավորման բացակայությունն էր։ Հիմա, Գալիպոլի-Հայոց ցեղասպանություն կամ Անկարա-Երեւան նշումների մրցապայքարի ազդանշանը տրված է։ 
Փորձենք ամփոփել, թե այս մրցապայքարում հայկական կողմն ի՞նչ առավելություններ կարող է ձեռք բերել։ Իհարկե, այս մոտեցումը բնավ չի անտեսում թուրքական վարչամեքենայի եւ համապատասխան բաժանմունքների գործադրած հսկայական միջոցներով իրականանալիք չեզոքացման միջոցառումները։
Պետական մակարդակներում, պետք է ակնկալել, որ միեւնույն պետությունը կարող է ներկայացուցիչներ ուղարկել թե՜ Երեւան եւ թե՜ Անկարա։ Այստեղ խնդիրը կենտրոնանում է տվյալ պաշտոնատարի զբաղեցրած պետական  աստիճանաչափի վրա։ Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ որքան էլ իրազեկվի տվյալ պետությունը, թե Գալիպոլիի նշման թվականը շարժական չէ, թե այս դեպքում Ապրիլի 24-ի  ընտրությունը պարզապես չեզոքացման միտող հակաքայլ է, այնուամենայնիվ, հրավերներին ընդառաջելու պետական շարժառիթները զուտ քաղաքական են։ Նման պահվածքներում քաղաքական տվյալ պահի թելադրած հանգամանքները շատ ավելի գերակշիռ են, քան արժեքների նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքների հետեւողականությունը։
Հայկական կողմը քաղաքական տրամաբանության այս պարունակում առաջին հերթին վստահաբար նկատի կունենա Անկարայի հետ առեւտրատնտեսական ոչ նկատառելի հարաբերություններ ունեցող պետությունների շրջանակները։ Ցեղասպանության եւ նույնիսկ Արցախի անկախության ճանաչման վերջին բանաձեւերը հուշում են, որ հարավամերիկյան երկիրներն այդ առումով համեմատաբար նպաստավոր ենթահող ունեն։ Անկախ գաղափարական բարենպաստ ընդհանուր մթնոլորտից, այստեղ Անկարան ճնշելու մեծ հնարավորություններ չունի։ Ուրեմն, Հարավային Ամերիկայի տարբեր երկրները կարող են առաջնակարգ դեմքերի մակարդակով մասնակցել 100-րդ տարելիցի  երեւանյան նշումներին։
Հրավերների ընդառաջումներ կարող են արձանագրվել նաեւ Անկարա եւ տվյալ պետություն լարված հարաբերությունների իրավիճակից ելնելով։ Եգիպտոսն այս իմաստով  կարող է օրինակ հանդիսանալ։  Քաղաքական հուշարարությամբ բեմ բարձրացող նման օրինակների շարքը կարող է շարունակվել։ Պարզ է, որ արժեքի փոխարեն քաղաքական պահի թելադրած կանոնն է այստեղ գործող չափորոշիչը։
Նաեւ, անկախ հայկական կողմի աշխարհագրական առավելությունից` աշխարհասփյուռ կազմակերպված համայնքների ցանցային կառույցը եւ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում 100-ամյակ նշելու ծրագրերը, տեղի պետական-հասարակական կառույցներում հայկական գործոնի ներգրավվածությունն ու ազդեցիկությունը, այլ կարեւոր հանգամանք եւս գոյություն ունի հոբելյանական այս մրցապայքարում, իբրեւ հայկական կողմի առավելություն։
Առաջին հայացքից նշումների մրցապայքարը Երեւանի և Անկարայի միջեւ է։ Մի կարեւոր ենթամրցապայքար կա, որ խորքային դիտարկումով հետզհետե սկսում է ավելի հստակ երևալ։ Խոսքը պաշտոնական Անկարա-թուրքական հասարակություն պայքարի մասին է, որի առանցքը տվյալ դեպքում ցեղասպանությունն է։ Իհարկե, այս դեպքում գերխանդավառվելն օգտակար չէ։ Այնպես չէ, որ թուրքական դաշտը բեւեռացած է այս հարցի շուրջ կամ կարող է առաջնորդել խոր պառակտումների։ Այսուհանդերձ, ճեղք չնկատելն այս հարցում իրատեսական չպիտի լինի։  
Գաղտնիք չէ, որ Թուրքիայի կարեւորագույն քաղաքներում պիտի հիշատակվի Հայոց ցեղասպանությունը։ Տարբեր բնույթի կազմակերպություններ կոչեր են հրապարակում Գալիպոլիի ձեռնարկներին չմասնակցելու եւ փոխարենը Երեւան մեկնելու։ Սակայն այդ նույն կազմակերպություններն անուղղակի կոչ են անում այս ձեւով ոչ թե միայն Երեւան մեկնելու, այլ նաեւ Թուրքիայում իրենց կազմակերպած ապրիլյան ձեռնարկներին ներկա լինելու։
Գալիպոլին, հետեւաբար, միայն Երեւանին հակաքայլ չէ, այլ միեւնույն Թուրքիայում ապրիլյան նախաձեռնությունները ծխածածկելու միտում։ Գալիպոլին երկու ուղղությամբ պայքարելու անհրաժեշտության առջեւ է այսօր։
Անկարան անվերջ փորձ կկատարի իր ապրած ներքին երկվությունը տեղափոխել հայկական դաշտ, ՀՀ-սփյուռք տարանջատման քարոզչաքաղաքական խաբկանքներ հրամցնելով։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը վճռական պատասխան է նման սադրանքի։ Հայկական կողմը հստակ առավելություններ ունի այս մրցապայքարում։ 
 
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
ՙԱզդակ՚ թերթի գլխավոր խմբագիր
Լիբանան